ՌՕՔԵՄՓ Շրջանավարտներ

Արմինե Պետրոսյանը արվեստի պատմության և տեսության մագիստրոս է, ավարտել է ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՈ ամբիոնը: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է միջնադարյան հայ արվեստի ուսումնասիրությունը: Արմինեի հետազոտությունների թեման առնչվում է քրիստոնեական եկեղեցիների հարդարանքում թռչնաքանդակների պատկերագրության ու խորհրդաբանության խնդիրներին:

Նա աշխատում է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի Փորձագիտական և գիտահետազոտական բաժնում՝ որպես գիտաշխատող: Կենտրոնն իրականացնում է արվեստի ստեղծագործությունների մշակութաբանական և արվեստաբանական քննություն:

Արմինեն մասնակցում է հայկական ճարտարապետության վաղ քրիստոնեական և միջնադարյան շրջաններն ընդգրկող մասնագիտական բառարանի (կազմող՝ պրոֆ. Պատրիկ Տոնապետյան) հայերեն հատվածի ստեղծման աշխատանքներին (թագմ.՝ ֆրանսերենից) (https://www.architecture-armenienne.com/):

Կարևորելով արվեստի ճանաչողությունը դպրոցականների շրջանում՝ համահիմնադրել է արվեստի պատմությանն առնչվող կրթական ծրագիր, որի գլխավոր նպատակը արվեստի տարածումն ու համաշխարհային մշակութային ժառանգության հանդեպ պատասխանատվության ձևավորումն է:

Արմինեի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն  առավել ընդգրկուն դարձրեց մասնակցությունը ՌՈՔԵՄՓ կենտրոնի մշակութային ժառանգության փորձագետների դասընթացին: Արմինեի կարծիքով՝ այն մեծ հնարավորություն է մշակութային ժառանգության և դրան հարակից բազմաթիվ ոլորտներին առնչվող հիմնարար գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման համար, որոնց տեղայնացումը թույլ է տալիս ճանաչել հայ մշակութային ժառանգության հիմնախնդիրներն ու փորձել գտնել մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված արդյունավետ միջոցներ:

Արմինե Տիգրանյանը մշակութաբան է, մշակութային ժառանգության մասնագետ։ Ավարտել է ԵՊՀ մշակութաբանության բաժնի մագիստրատուրան, իսկ այժմ ուսանում է նույն բաժնի  ասպիրանտուրայում՝ «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցում­ները, միջազգային փորձը և հայաստանյան գործընթացները»  ատենախոսական թեմայով պ.գ.դ., պրոֆ.՝ Համլետ Պետրոսյանի գիտական ղեկավարությամբ (2016-2020թթ):

2017 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի դասախոս է։ Արցախի Հանրապետության մշակութային քաղաքականության նոր հայեցակարգի մշակման  գիտահետազոտական ծրագրի արցախյան հանձնախմբի համակարգողն է (2019թ․)։   «Ազգային մշակույթի վերածնունդ» ՀԿ հիմնադիր նախագահն է, որը զբաղվում է  ՀՀ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով։  2015 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստներ»-ի վարչությանում աշխատել է որպես փորձագետ։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ «Մշակութային ժառանգության պահպանության թրաստային համակարգ․ սկզբունքները և հայաստանյան գործընթացները», «Մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունները հետխորհրդային Հայաստանում» և այլն։  Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, ամրապնդման և հանրահռչակման, ինչպես նաև վերջինիս պահպանության քաղաքացիական և համայնքային մեխանիզմների ուսումնասիրությունը, պահպանությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև մշակութային ժառանգության իրավունքի իրացման խնդիրները ՀՀ-ում։

Աշխեն Ջուլֆալակյանը ավարտել է Երևանի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետը 1981 թվականին ՝ հնագետ-պատմաբանի մասնագիտությամբ: Համալսարանն ավարտելուց հետո Աշխենը գործուղվել է ՀՍՍՀ Կառավարությանն առընթեր Հուշարձանների պահպանման և վերականգնման վարչություն՝ որպես հնագետ աշխատելու: 1982 թվականին աշխատել է որպես հնագետ վերը նշված  հիմնարկի  «Էրեբունի» թանգարանում: 1983 թվականին նշանակվել է ցուցադրության պատասխանատու նույն թանգարանում: 1986 թվականին տեղափոխվել է Հուշարձանների պահպանության,հետազոտության, սերտիֆիկացման և հաշվառման գիտաարտադրական կենտրոն՝ որպես դաշտային արշավախմբի հնագետ, որտեղ աշխատել է մինչև 2004 թվականը: 2004 թվականին նա մասնակցել է Մասաչուսեթս նահանգի հայ-ամերիկյան պատմամշակութային ժառանգության պահպանմանը նվիրված Համայնքային կապեր ծրագրին, որը կազմակերպվել է IREX կազմակերպության կողմից և հաջողությամբ ավարտելով  այն ստացել է հավաստագիր: Նույն թվականին՝ հաստատությունների վերակազմավորման արդյունքում, Աշխենը սկսել է  աշխատել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնում՝ դաշտային արշավախմբի կազմում՝ որպես հնագետ: 2010 թվականից մինչ օրս  աշխատում է Հուշարձանների ուսումնասիրության, վկայագրման, պահպանական գոտիների  նախագծերի կազմման բաժնում՝ որպես  վարիչ  և դաշտային արշավախմբի  հնագետ:

ՌՕՔԵՄՓ-ի դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնել է իր մասնագիտական հմտություններն ավելի կատարելագործելու ակնկալիքով: Աշխենը կարծում է, որ դասընթացը կազմակերպված էր  բազմաբովանդակ  և հետաքրքիր, օգտակար էր և ուսանելի, որի համար հայտնում է իր խորին շնորհակալությունը կազմակերպիչներին ու  մասնակիցներին:

Աստղ Պողոսյանը Երևանի պետական համալսարանի հնագիտության մագիստրոս է: Մասնագիտությամբ աշխատել է Կարմիր բլուր, Ակնաշեն, Դվին, Էրեբուն հնավայրերում:

2013 թվականին Իտալիայի և Հայաստանի միջև իրականացվող «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում մասնակցել է «Հնագիտությունը և միջառարկայական մոտեցումները» դասընթացին: Մասնակցել է նաև Արուճ հնավայրի պեղումներին՝ որպես դասընթացի մաս:

2015 թվականից աշխատում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մինչև 2017 թվականը Էրեբունի թանգարանում եղել է գիտաշխատող, այնուհետև Մարքեթինգի սեկտորի վարիչ:

Աստղը մասնագիտական վերապատրաստման շրջանակներում մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպած «Թանգարանային մասնագետների վերապատրաստման դասընթացին» և ԵՄ Ստեղծագործ Եվրոպայի (Creative Europe) «Be Museumer» նախագծի «Թանգարանային մարքեթինգ և միջոցառումների կազմակերպում» դասընթացին:

Նա նաև մասնակցել է «Էրեբունի» թանգարանում ցուցադրությունների կազմակերպման աշխատանքներին: 

Աստղը մասնակցություն է ունեցել CRAterre-ի (Հողի ճարտարապետության միջազգային կենտրոնի) և «Էրեբունի» թանգարանի կողմից կազմակերպած «Հողի ժառանգությունը և զարգացումը» դասընթացին:

2017 թվականին՝ Երևանի պատմության թանգարանի կողմից կազմակերպված, «Համագործակցություն թանգարանային գործի բնագավառում» կլոր սեղան-քննարկմանը Աստղը հանդես է եկել «Հովսեփ Օրբելի. Պետական Էրմիտաժը և Երևանի հնագիտական   ժառանգությունը» զեկույցով:

Ներկայումս նա «Էրեբունի» թանգարանի Շենգավիթ մասնաճյուղի ղեկավարն է:

Հասմիկ Պետրոսյանը կրթություն է ստացել Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և պատմամշակութային հուշարաձանների պահպանություն բաժնում: Նրա մագիստրոսական հետազոտությունը վերաբերում է գործվածքի հավաքածուի (գորգի հավաքածու) պահպանության և ցուցադրման խնդիրներին։

Հասմիկի հետազոտական հետաքրքրությունների  շրջանակը ընդգրկում է մշակութային գործունեությունը, թանգարանային գործը, թանգարանային հավաքածուների կառավարումը, պատմամշակութային կառույցների պահպանությունը։

Հասմիկը փորձառություն է ձեռք բերել Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևան քաղաքի պատմության թանգարանում, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում և Հայաստանի ազգային արխիվում: Նա նաև մասնակցել է՝ որպես կամավոր, կարպետագործության ավանդույթներին նվիրված երկրորդ համահայկական գիտաժողովին և «Թանգարանային կրթական նախագծերի մշակման և մարքեթինգի» տարածաշրջանային վորքշոփին:  Հասմիկը նաև եղել է փորձագետ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Կրթություն և այցելուների համար ծառայություններ» ծրագրին:

Այժմ Հասմիկը՝ որպես գործվածքի պահպանության և հաշվառման մասնագետ, աշխատում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում։

Յան Մոեյերտը ծնվել է Բրյուգե քաղաքում, Բելգիայում և 2018 թվականի գարնանից՝ Հայաստանով ճամփորդելու ժամանակ ապագա կնոջը հանդիպելուց հետո, ապրում է Հայաստանում: Նա բարձրագույն կրթություն է ստացել տնտեսագիտության բնագավառում՝ ավարտելով համալսարանը 2007 թվականին Բելգիայում և ստանալով Բիզնեսի կառավարման բնագավառում որակավորում ՝ մարքեթինգի գծով մասնագիտացմամբ: Նա մոտ տասը տարի աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան տարբեր միջազգային բանկերի համար: Ապա նա սկսել է իր սեփական բիզնեսը զբոսաշրջության բնագավառում: Այժմ Յանը կազմակերպում է ճամփորդական շրջագայություններ Հայաստանում, իր կնոջ հետ միասին Հայաստանում ունեն հյուրատուն: Բացի այդ, Յանը նաև գրող է, նա հրատարակել է երեք գիրք հոլանդերեն, մի քանի փիլիսոփայական աշխատություններ և մեկ գիրք նվիրված Հայաստանի ժառանգությանը: Ապագայում նա նպատակ ունի թարգմանել իր գրական աշխատանքները նաև այլ լեզուների: Երբ հարցը վերաբերում է Հայաստանի ժառանգությանը նա հիմնականում ինքնուս է, բայց, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում բավականաչափ ուսումնասիրել է Հայաստանի ժառանգությունը: Յանը մասնակցում է ՌՕՔԵՄՓ նախագծին 2020 թվականից: Յանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել իր անձնական բլոգը՝ www.janmoeyaert.com :

Կարինե Ղազարյանը ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ստանալով շինարար-ինժեների որակավորում: Նույն համալսարանում՝ 2007-ից 2013 թվականներին դասավանդել է մի քանի առարկաներ:

Նա մասնակցել է տարբեր միջազգային գիտաժողովների և մի շարք գիտական հոդվածների համահեղինակ է: 2013-ին Կարինեն ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Իզոտրոպ և անիզոտրոպ նյութերից պատրաստված կոշտության կողերով ուժեղացված շերտավոր սալերի օպտիմալ նախագծումը» թեմայով:

2014 թվականին Կարինեն ավարտելով Միլանի պոլիտեխնիկի մագիստրոսական դասընթացը ստացել է 1-ին կարգի մագիստրոսի աստիճան՝ Հայաստանում ճարտարապետական վերականգնման վայրում ղեկավարի որակավորմամբ:

Կարինեն ներկայումս աշխատում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ որպես բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ: Մասնավորապես, նա զբաղվում է շենքերի և շինությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ, վերլուծությամբ, շենքերի (այդ թվում՝ բազմաբնակարան), շինությունների պահպանման և անվտանգ շահագործման հարցերի կանոնակարգմամբ, դրանց արդիականացմանն (այդ թվում՝ էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն) ուղղված առաջարկությունների մշակմամբ:

SONY DSC

Մարինա Բունաթյանը ստացել է ճարտարապետի որակավորում 1987 թվականին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Նա սկսել է իր մասնագիտական կարիերան «ՀայՎերականգնմանՆախագիծ» ինստիտուտում՝ աշխատելով Սյունիքի մարզի հուշարձանների վերականգնման նախագծի վրա, այդ թվում հանրահայտ Տաթևի վանքի: 1991 թվականին Մարինան ներգրավված էր՝ մի խումբ իտալացի ճարտարապետներից կազմված, աշխատանքային խմբում, որը ղեկավարում էր Ալ Պագո Նովելլոն, ով աշխատում էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Շիրակի մարզի հուշարձանների վերականգնման վրա: Նա յոթը տարի աշխատել է հայ-իտալական մարդասիրական կազմակերպության հետ, որը զբաղվում էր ողջ Հայաստանով ծննդատների վերակառուցման գործով:

2000 թվականին Մարինան անցել է «Ճարտարապետության և վերականգնման պատմությունը» խորացված դասընթացը Բոլոնիայի համալսարանի Ալմա Մատեր Ստուդիորումում: 

2002 թվականին նա ավարտել է վերականգնողների մասնագիտացված դասընթացը Վենետիկի Վերականգնման միջազգային դպրոցում:

2017 թվականին և 2019 թվականին անցել է վերապատրաստում Միլանի Պոլիտեխնիկի հուշարձանների ախտորոշման լաբորտորիաներում: 2015 թվականից Մարինա Բունաթյանը Ճարտարապտության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչն է: Նա մասնակցել և կազմակերպել է բազմաթիվ կրթական միջոցառումներ և գիտաժողովներ մշակութային ժառանգության վերականգնման և պահպանության բնագավառում:

Նանար Քալանթարյանը 2003 թվականին ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան և ճարտարապետ-նախագծողի որակավորում: 2014 թվականին Նանարը ստացել է Միլանի Պոլիկտեխնիկի ճարտարապետ-վերականգնողի մագիստրոսի աստիճան: Նա նաև հետազոտող է և ունի միջազգային համագործակցության մեծ փորձառություն: 2015 թվականին Նանարը՝ Միլանի Պոլիտեխնիկի հետ համագործակցությամբ, Համաշխարհային բանկի համար իրականացրել է Հայաստանում Հաղպատ ու Սանահին վանքային համալիրների, Գեղարդավանքի և Ազատ գետի վերին հովտի հետազոտական, ուսումնասիրական աշխատանքները և փաստագրումը: Նանարը նաև կատարել է Գորիս քաղաքի պատմական կենտրոնի և Հին Գորիսի քարանձավային, ժայռափոր տների հետազոտական աշխատանքները, փաստագրումը և քաղաքային փողոցների իրականացման հնարավորության ուսումնասիրությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի, դեմոկրոտական ինստիտուտների և կառավարման բաժնի ղեկավարի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: 

Նանարը նաև հեղինակ է հուշարձաններին նվիրված մի քանի գիտական հոդվածների: Սկսելով իր կարիերան որպես ճարտարապետ՝ Նանարը աստիճանաբար սկսել է հետաքրքրվել մշակութային ժառանգությամբ ու հնագիտությամբ: Նա մասնակցել է բազմաթիվ հնագիտական պեղումների, այդ թվում  Կարմիր բլուրում, Արշակունիներ արքայական դամբարանում, և այլն: Նանարը համոզված է, որ միջազգային փորձի փոխանակման հնարավորությունները կարևոր են մասնագիտական աճի համար, ուստի և, փորձում է ներկա գտնվել տարբեր միջազգային գիտաժողովներին գործընկերների փորձից սովորելու համար:

Ներկայումս նա աշխատում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, ինչը հնարավորություն է տալիս ներդնել իր փորձը և գիտելիքը Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանման, ուսումնասիրման և փաստագրման բնագավառում:

Սյունե Առաքելյանը ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 2013 թվականին՝ մագիստրոսի աստիճանով, իսկ 2014 թվականին Միլանի Պոլիտեխնիկում ստացել է իր երկրորդ մագիստրոսական աստիճանը՝ ճարտարապետ-վերականգնողի որակավորմամբ: Սյունեն ձեռք է բերել իր փորձառությունը ճարտարապետության բնագավառում՝ այս ոլորտում տարիների ընթացքում աշխատելով: Ճարտարապետ աշխատելուց բացի, 2016 թվականին նա նաև իրականացրել է Գյումրիում շենքերի և բաց տարածքների վերականգնման և ամրակայման համար իրականացման հնարավորության ուսումնասիրություն GPH հիմնադրամի պահպանություն և վերաօգտագործման ձեռնարկի առաջարկի համար: Ավելի ուշ՝ 2019 թվականին, Սյունեն հիմնեց Hyphen4 ստուդիան, որտեղ նախագծերը հիմնված են հետազոտության և փոխակերպող տեխնոլոգիաների վրա: Հետազոտությունը հիմնականում հիմնված է GIS համակարգում էպիրիկ տվյալների ինտեգրման վրա՝ քաղաքի պատմական շերտի վրա շեշտադրությամբ: Բացի այդ, նա  քաղաքային նախագծի հետազոտության զարգացման և պատմական քաղաքի արդիական խնդիրներն ավելի լավ հասկանանալու համար քաղաքացիական գիտության (citizen science) նախագծերի համակարգող է: